ՀՀ արտգործնախարարին ընդունեց Թուրքմնեստանի նախագահը

11 ապրիլի, 2009

Ս.թ. ապրիլի 9-10-ը Աշքաբադում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանյանը մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Նիստի օրակարգը բաղկացած էր մոտ երկու տասնյակ հարցերից, որոնք վերաբերվում էին ԱՊՀ շրջանակներում համագործակցության մեխանիզմների հետագա կատարելագործմանը, կազմակերպության առաջիկա գործունեությանը, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների առաջիկա նիստի օրակարգի եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվող փաստաթղթերի հաստատմանը:

Ապրիլի 10-ի երկրորդ կեսին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը Թուրքմենստան:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Հայաստանի արտգործնախարարը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ նախագահի հրավերը:
Նախագահ Բերդիմուհամեդովը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ասաց, որ կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը, ինչի համար առկա են լավ նախադրյալներ: Թուրքմենստանի նախագահը, շնորհակալությամբ ընդունելով ՀՀ նախագահի հրավերը, տեղեկացրեց, որ Երեւան կայցելելի 2009թ. երկրորդ կեսին:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անկախությունից ի վեր երկու երկրների միջեւ ձեւավորվել են բարեկամական հարաբերություններ եւ Հայաստանը կարեւորում է հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը Թուրքմենստանի հետ: Նրա բնորոշմամբ դրա համար գոյություն ունի երկկողմանի համապատասխան քաղաքական կամք եւ բավականին ընդարձակ իրավապայմանագրային դաշտ, որը նպատակահարմար է թարմացնել եւ ընդլայնել նոր համաձայնագրերով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Աշքաբադ պաշտոնական այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Խիդիր Սապարլաեւի (Հայաստանում Թուրքմենստանի նախկին դեսպան) հետ:
Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց միջկառավարական հանձնաժողովի ստեղծման եւ ս.թ. փետրվարին առաջին նիստի անցկացման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանն ու փոխվարչապետ Սապարլաեւը անդրադարձան երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Զրուցակիցները քննարկեցին համատեղ տնտեսական նախագծերի մշակման եւ իրականացման, Հայաստանի մարզերի եւ Թուրքմենստանի վիլայեթների միջու համագործակցության խթանման, կրթական, գիտական եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:



Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ:
Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ու Ռաշիդ Մերեդովը գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր բնագավառներում երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցության խորացման համար եւ վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել հարաբերությունների հետագա զարգացման նպատակով:
Հայաստանի եւ Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Երկուստեք նշվեց, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը էապես կնպաստի հարաբերությունների ընդլայմանը:
Բանակցություններին անդրադարձ կատարվեց նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:
Նախարարներ Նալբանդյանն ու Մերեդովը քննարկեցին նաեւ տնտեսական ոլորտում համագործակցության խթանման, էներգետիկ, տրանսպորտային եւ հումանիտար բնագավառներում համատեղ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն ու Ռաշիդ Մերեդովը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր:

Նույն օրն ավարտելով այցելությունը Աշքաբադ` Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան:
Տպել էջը