Կուբայի դեսպանը փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
10 ապրիլի, 2009Ս. թ. ապրիլի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպան Խուան Վալդես Ֆիգերոային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հաջողություն մաղթելով դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` Արման Կիրակոսյանը դրական գնահատեց հայ-կուբայական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ նշեց, որ մեծ ներուժ կա երկու երկրների փոխգործակցության խորացման համար:

Դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան ընդգծեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի եւ Կուբայի համար փոխշահավետ կլինի տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը:
Տեղեկանք : Խուան Վալդես Ֆիգերոան ծնվել է 1957թ.: Բանասիրական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Հավանայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում եւ ՌԴ ԱԳՆ առընթեր Դիվանագիտական ակադեմիայում: 1980 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Կուբայի Հեղափոխական զինված ուժերի նախարարությունում, Ռուսաստանում Կուբայի դեսպանությունում: 2005-2008թթ. եղել է Կուբայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային հարաբերությունների վարչության Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի բաժնի պետը: Տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուների: Ամուսնացած է, ունի երկու երեխա: