Նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մասնակցել է ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի ձեռնարկման նպատակով անցկացվելիք գագաթաժողովի նախապատրաստման հարցերով հանդիպմանը
08 ապրիլի, 2009Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը ապրիլի 7-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի ձեռնարկման նպատակով անցկացվելիք գագաթաժողովի նախապատրաստման հարցերով հանդիպմանը, որը կազմակերպել էր ԵՄ նախագահող երկրի` Չեխիայի արտգործնախարարությունը: ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսված է Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Հարավային Կովկասի երեք պետությունների համար, որոնք հանդիպմանը ներկայացված էին փոխարտգործնախարարների կամ դեսպանների մակարդակով: Հանդիպումը վարում էր Չեխիայի առաջին փոխարտգործնախարար Թոմաշ Պոյարը: ԵՄ կողմից հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵՄ հանձնաժողովի տնօրենի տեղակալ Հյուգ Մինգարելին, ԵՄ նախագահող հաջորդ երկրի` Շվեդիայի ԱԳՆ պաշտոնյաներ եւ ԵՄ խորհրդի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը քննարկվել է մայիսի 7-8-ը Պրահայում կայանալիք գագաթաժողովի կազմակերպական մանրամասները, նաեւ ընդունվելիք համատեղ հռչակագրի նախագիծը, որը մշակվել է ԵՄ կողմից եւ կոչված է սահմանել ծրագրի հիմնական սկզբունքները, նպատակներն ու խնդիրները:
Հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն են ներկայացրել այդ նախագծի վերաբերյալ: Արման Կիրակոսյանը ելույթում նշել է, որ Հայաստանը ողջունում է «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը` հիմնականում կիսելով Հռչակագրի նախագծում ամրագրված դրույթները: Որպես տվյալ ծրագրում Հայաստանի մասնակցության ընդհանուր եւ միաժամանակ իրատեսական նպատակ` նշվել են ԵՄ հետ քաղաքական ասոցիացիայի եւ տնտեսական ինտեգրացիայի խնդիրները: Նա նաեւ ընդգծել է ծրագրում երրորդ երկրների մասնակցության համար հնարավորություն տրամադրելու, ինչպես նաեւ ծրագիրը թափանցիկության, ներգրավվածության եւ տարածաշրջանային դիֆերենցիացիայի բացառման սկզբունքների հիման վրա իրականացնելու անհրաժեշտությունը:
Նույն օրը, Արման Կիրակոսյանը հանդիպել է Չեխիայի առաջին փոխարտգործնախարար Թոմաշ Պոյարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: