Կահիրեում Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով կազմակերպվել է միջոցառում
08 ապրիլի, 2009Ս.թ. ապրիլի 7-ին Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Եգիպտոսում հավատարմագրված դեսպանների տիկինները, Եգիպտոսի վարչապետի, նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների կանայք, նաեւ երկրում գործող կանանց միջազգային ակումբների անդամները Եգիպտոսում Հայաստանի դեսպանի տիկին Մարիամ Կարապետյանի ուղեկցությամբ եւ Կահիրեի Ազգային առաջնորդարանի հովանավորությամբ այցելել են վերջերս վերանորոգված Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը համարվում է հայ հոգեւոր ճարտարապետության ամենագեղեցիկ կոթողներից մեկը:
Միջոցառմանը ներկա մոտ 150 կանայք ունկնդրել են եգիպտահայ անվանի ճարտարագետ Նաիրի Համբիկյանի զեկույցը եկեղեցու նախորդ տարի ավարտված վերանորոգման աշխատանքի, նաեւ Եգիպտոսում հայ ճարտարապետության պատմության ու այդ բնագավառում եգիպտահայության ունեցած ներդրման մասին:
Այնուհետեւ ներկաների համար եկեղեցու ներսում Ազգային առաջնորդարանի երգչախումբը կատարել է հայ միջնադարյան հոգեւոր երաժշտության երգեր:
Այցելությունն ավարտվել է Առաջնորդարանի բակում տեղի ունեցած ընդունելությամբ: