ԱՄՆ նախագահն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը

07 ապրիլի, 2009

Ստամբուլում ս.թ. ապրիլի 6-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպեց Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանին, Ալի Բաբաջանին եւ Միշլին Կալմի-Ռեյին: Հանդիպումը տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից «Քաղաքակրթությունների դաշինք» երկրորդ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ճաշից առաջ:

Նախագահ Օբաման իր աջակցությունը հայտնեց երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ջանքերին` գոհունակություն հայտնելով բանակցություններում վերջերս արձանագրված առաջընթացի կապակցությամբ:

ԱՄՆ նախագահը քաջալերեց կողմերին մոտ ապագայում կնքել երկու կարեւոր երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող համաձայնագիր:

ԱՄՆ նախագահի բնորոշմամբ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ձեռնարկած քայլերը պատմական ու խիզախ քայլեր են, եւ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ապահովել երկու ժողովուրդներին խաղաղ ու բարեկեցիկ ապագա:
Տպել էջը