ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ինտերֆաքս» լրատվական գոծակալության հարցին
06 ապրիլի, 2009Հարց. Պարոն նախարար, վերջին օրերին թուրք պաշտոնյաների կողմից հայտարարություններ են արվել, ըստ որոնց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է այլ հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ: Ինչպես կմեկնաբանեք այդ հայտարարությունները:
Պատասխան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ:
Հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել:
Բազմիցս ասվել է, եւ կցանկանայի նորից ընգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը:
Այսօր տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը եւ Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը:
Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ: