ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի առեւտրի հարցերով պետքարտուղար Գուննար Ուիեսլանդերին
02 ապրիլի, 2009Ս.թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հայ-շվեդական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Շվեդիայի առեւտրի հարցերով պետքարտուղար Գուննար Ուիեսլանդերին (Gunnar Wieslander):

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-շվեդական գործարար համաժողով կազմակերպելու նախաձեռնությունը: Նա նշեց, որ առկա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում համաժողովը համագործակցության նոր հնարավորություններ կընձեռի գործարարներին` ընդգծելով, որ նման փոխգործակցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների կարեւորագույն տարրերից է:
Պետքարտուղար Ուիեսլանդերն իր հերթին նշեց, որ Շվեդիան շահագրգիռ է ամրապնդել Հայաստանի հետ ակտիվորեն զարգացող առեւտրատնտեսական կապերը եւ իր այցելությունն ու ներկայացուցչական համաժողովի անցկացումը դրա վկայությունն է: Պետքարտուղարը հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի նոր գործարար կապերի ձեւավորմանն ու համագործակցության ոլորտների ընդլայնմանը:
Գուննար Ուիեսլանդերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները: