Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը հանդիպել է նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ

02 ապրիլի, 2009

Ս.թ. մարտի 30-ին կայացել է Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի հանդիպումը նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Վարդան Հակոբյանը շնորհավորել է Մատվիենկոյին բարձր պետական շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ` մաղթելով հետագա հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Նահանգապետը, ողջունելով Հայաստանի գլխավոր հյուպատոսին, վստահություն է հայտնել, որ անցած ամիսների ընթացքում հաջողվել է ծանոթանալ եւ ընտելանալ Սանկտ-Պետերբուրգին, գնահատել փոփոխություններն ու զարգացումները:

Տիկին Մատվիենկոն բարձր է գնահատել հայ համայնքի դերը Պետերբուրգի պատմության ընթացքում, կարեւորել նաեւ մշակույթի բնագավառում
համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքը:

Հյուպատոսը նշել է, որ Հյուսիսային մայրաքաղաքում վերջին տարիներին կատարված լայնածավալ փոփոխություններն ակնհայտ են, եւ այսօր Սանկտ-Պետերբուրգը եվրոպական չափանիշներին համապատասխանող տնտեսական, գիտական, կրթական
մշակութային խոշոր կենտրոն է:

Վարդան Հակոբյանն անդրադարձել է նաեւ Երեւանի ու Սանկտ-Պետերբուրգի համագործակցության հարցերին` նշելով, որ քաղաքների միջեւ ստորագրված Աշխատանքային ծրագրի կետերից շատերը հաջողությամբ իրագործվել են: Միաժամանակ բացակայում է երկու քաղաքների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության իրական պատկերը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ է մշակել եւ կիրառել հստակ չափորոշիչներ:
Տպել էջը