Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը եւ Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլն այցելել են ՄԹ Նոթինգհեմշիր կոմսության Հաքնել քաղաքի Հոլգեյթ դպրոց

31 մարտի, 2009

Ս.թ. մարտի 27-ին Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը եւ Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլը համատեղ այց են կատարել ՄԹ Նոթինգհեմշիր կոմսության Հաքնել քաղաքի Հոլգեյթ դպրոց (Holgate School, Hucknall, Nottinghamshire): Այցելությունը նպատակ ուներ վերականգնելու Հոլգեյթի եւ 1988 թ. երկրաշարժից հետո Գյումրիում բրիտանական ֆինանսավորմամբ կառուցված Լորդ Բայրոնի անվան դպրոցների միջեւ հաստատված կապերը:

Դպրոցի տնօրենի եւ աշակերտական խորհրդի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու դպրոցների համագործակցության հեռանկարները, մասնավորապես` երկկողմ փոխայցելություններ կազմակերպելու, դպրոցներում Հայաստանի եւ ՄԹ օր նշելու, աշակերտների միջեւ փոստային գրագրության, ինտերնետային համատեղ կայքի միջոցով հաղորդակցվելու եւ այլ առաջարկներ:



Դեսպանները պատասխանել են աշակերտներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, լսել համագործակցության վերաբերյալ նրանց առաջարկները: Հանդիպում է տեղի ունեցել նաեւ դպրոցի ղեկավար մարմնի` կառավարիչների խորհրդի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են նաեւ արվեստի բնագավառում երկու դպրոցների միջեւ համագործակցության հնարավորությունները (Հոլգեյթ դպրոցը մասնագիտացված է արվեստի ոլորտում):

Այցի ընթացքում դեսպանների պատվին դպրոցի աշակերտները պատրաստել էին համերգային ծրագիր:

Տպել էջը