Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումներըՍիրիայի արեւելյան նահանգներում
31 մարտի, 2009Ս.թ. մարտի 25-30-ը տեղի է ունեցել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի այցելությունը Սիրիայի արեւելյան նահանգներ, որի ընթացքում մարտի 27-ին եւ 30-ին նա հանդիպել է Հասաքեի եւ Դեյր-Զորի նորանշանակ նահանգապետերի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները: Նահանգապետերը հատուկ նշել են հայկական համայնքի բարձր դերը թե նահանգների եւ թե պետության տնտեսական եւ մշակութային կյանքում` պատրաստակամություն հայտնելով խորացնել բազմաբնույթ համագործակցությունը:
Այդ կապակցությամբ Հայաստանի դեսպանն առաջարկել է եղբայրացման պայմանագիր ստորագրել Հասաքեի նահանգի եւ Հայաստանի Արմավիր մարզի միջեւ` հաշվի առնելով դրանց գյուղատնտեսական ուղղվածությունը: Առաջարկն արժանացել է նահանգապետի հավանությանը:
Այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել նաեւ Հասաքեի եւ Դեյր-Զորի նահանգային կուսակցական ղեկավարության, ոստիկանապետերի, մշակութային վարչությունների եւ կենտրոնների տնօրենների, Կամշլիի քաղաքապետի, նաեւ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մասնակցել նույն օրերին արեւելյան շրջաններում տեղի ունեցող Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի ելույթներին: