ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպեց Բուլղարիայի ԱԳ փոխնախարար Միլեն Կերեմեդչիեւին

16 մարտի, 2009

Ս.թ. մարտի 16-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի ԱԳ փոխնախարար Միլեն Կերեմեդչիեւի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-բուլղարական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Փոխնախարարներ Կիրակոսյանն ու Կերեմեդչիեւը նշեցին, որ երկու երկրների միջեւ հաստատված են բարեկամական հարաբերություններ. քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, աշխույժ է առեւտրատնտեսական փոխգործակցությունը, հստակ քայլեր են ձեռնարկվում մշակութային ոլորտն ակտիվացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ս.թ. մայիսի 29-ից հունիսի 6-ը Հայաստանում կանցկացվեն Բուլղարիայի մշակութային օրեր:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա հետեւանքները մեղմելուն ուղղված քայլերին: Փոխանախարար Կերեմեդչիեւը ներկայացրեց ճգնաժամի հետեւանքով Բուլղարիայում ստեղծված իրավիճակը եւ դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:

Հյուրի խնդրանքով փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
Տպել էջը