Հայաստանում կկայանան Ֆրանկոֆոնիայի օրերը
16 մարտի, 2009Հայաստանի Հանրապետության` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեր֊պությանն ասոցացված անդամ դառնալու առթիվ ս.թ. մարտի 19-31-ը հանրությանը կներկայացվի ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների լայնածավալ ծրագիր:
Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում տեղի են ունենալու ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հովանու ներքո:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի բացումը կիրականացվի ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից տրվող պաշտոնական ընդունե֊լությամբ:
Մարտի 22-ին եւ 23-ին համերգներով համապատասխանաբար հանդես կգան աշխարհահռչակ երգիչ Գարուն (GAROU) (Կանադա-Քվեբեկ) եւ ջազմեն Անդրե Մանուկյանը (Ֆրանսիա):
Մարտի 19-25-ը կիրականացվի Հեքիաթի փառատոն ֆրանսիացի, շվեյցարացի, բելգիացի եւ հայ հեքիաթասացների մասնակցությամբ, մարտի 20-21-ին կկազմակերպվեն շվեյցարացի գրող Կորին Բիլլի հիշատակին նվիրված ընթերցանության երեկոներ:
Հանրային հեռուստաընկերությունը եւ «Արարատ» մշակութային ալիքը հեռուստադիտողներին կներկայացնեն ֆրանսիական կինոյի շաբաթ, իսկ մարտի 22-ին «Երկու աստղ» երաժշտական հաղորդումը կնվիրվի ֆրանկոֆոնիային:
Մարտի 21-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը կկազմակերպի Ֆրանկոֆոն գովազդի օր: Մարտի 30-31-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Տիեզերքի լեզվաբանական հայելին» թեմայով գիտաժողով:
Հայաստանի բուհերում եւ դպրոցներում «Եկեք գնանք Ֆրանսիա» խորագրով ֆրանսերենի մրցույթի մեկնարկի առթիվ մարտի 25-ին տեղի կունենա Ֆրեդ Նեւչերհիլյանի համերգը (սլամ, Ֆրանսիա):
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը կազմակերպվել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի, Շվեյ֊ցարիայի, Բելգիայի եւ Ռումինիայի դեսպանությունների համատեղ ջանքերով: Միջոցառումների իրականացմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսա֊րանը, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպությունը եւ «Բլաք Բան» ընկերությունը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ամբողջական ծրագիր: