ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին
13 մարտի, 2009Ս.թ. մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ:
Նախարարների առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Իրանի բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները, որը կարեւոր գործոն է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման գործում:
Մանուչեհր Մոթթաքին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Իրանը շահագրգիռ է իր հարեւան եւ բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա զարգացման մեջ, եւ ինքը այցելում է Հայաստան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացումը խթանելու նպատակով:
Երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Մոթթաքին անդրադարձան 2008 թ. վերջին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքներին եւ քննարկեցին նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Երկուստեք կարեւորվեց առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը տնտեսական ոլորտում համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:
Էդվարդ Նալբանդյանն ու Մանուչեհր Մոթթաքին քննարկեցին տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրները:

Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Նախարարները շեշտեցին, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ քաղաքական բանակցությունների ճանապարհով:
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:
Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: