Փարիզ այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բեռնար Կուշների հետ, այցելեց Ֆրանսիայի Սենատ եւ Ազգային ժողով, ելույթ ունեցավ Միջազգային դիվանագիտական ակադեմիայում
12 մարտի, 2009Մարտի 11-ին կայացավ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Բեռնար Կուշների հանդիպումը:
Նախարարներ Նալբանդյանն ու Կուշները բարձր գնահատելով Հայաստանի հետ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական եւ օրինակելի փոխհարաբերությունները` կարեւորեցին երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:
Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահոմնան խնդիրների շուրջ քննարկման ենթատեքստում, Հայաստանի արտգործնախարարը ողջունեց ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության ժամանակ, նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ ֆրանսիական դիվանագիտության գործադրած ջանքերը Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ:
Զրուցակիցները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվեց հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգարավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Էդվարդ Նալբանդյանը Բեռնար Կուշներին հրավիրեց այցելել Հայաստան:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական համագործակցության ընդլայմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների արդիական հարցեր: Նախարար Նալբանդյանը կարեւորեց Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնմանն գործընթացում 2008 թ. երկրորդ կեսին ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի կառուցողական դերակատարությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սենատում` Լյուքսեմբուրգյան պալատում հանդիպեց Ֆրանսիական Հանրապետության Սենատի ֆրանս-հայկական բարեկամական խմբի անդամների հետ: Նախարար Նալբանդյանի եւ ֆրանսիացի սենատորների զրույցի ժամանակ կարեւորվեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի եւ խորհրդարանների ղեկավարության շփումներն ու փոխայցելությունները: Քննարկվեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայկական եւ ֆրանսիական պատվիրակությունների համագործակցության սերտացման հետ կապված հարցեր:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Ազգային ժողով, ուր հանդիպում ունեցավ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանն անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտությանը` որպես Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համակողմանի փոխգործակցության խորացման արդյունավետ ձեւաչափ:
Պատգամավորական խմբի անդամների հետ հանդիպումից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ ունեցավ Ֆրանսիայի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ:
Էդվարդ Նալբանդյանը իր խոսքում կարեւորելով հայ-ֆրանսիական հարաբերությունները` դրանք բնորոշեց որպես բարեկամական գործընկերության օրինակ: ՀՀ արտգործնախարարն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ծավալվող համագործակցությանը` ընդգծելով, որ Եվրոպական հարեւանության քաղաքականություն ծրագիրն ու ԵՄ Արեւելյան գործընկերության առաջարկը փոխգործակցության ընդլայման նոր հնարավորություններ են ընձեռում: Նախարար Նալբանդյանը մանրամասն ներկայացրեց նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունությանն ամրապնդմանն ուղղված Հայաստանի քայլերը:
Մարտի 10- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին: Նախագահ Շիրակն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային հարցեր: Նախագահ Շիրակը ջերմությամբ հիշելով 2006 թ. իր այցելությունը Երեւան, ասաց, որ հնարավորության դեպքում նորից կայցելի Հայաստան:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ֆրանսիայի Միջազգային Դիվանագիտական ակադեմիա, ուր հանդես եկավ «Հարավային Կովկաս. իրականությունը եւ հեռանկարները» (Caucase du Sud : actualitռs et perspectives) խորագրով ընդարձակ ելույթով, որին ներկա էին քաղաքական եւ պետական գործիչներ, դեսպաններ ու դիվանագետներ, քաղաքագետներ եւ միջազգային հարաբերությունների փորձագետներ, լրագրողներ:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը Հայաստանի արտգործնախարարը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականության վրա: Նրա խոսքերով Ադրբեջանի սանձազերծած նախորդ պատերազմի վերքերը դեռ չսպիացած, Բաքուն վարում է նոր պատերազմ հրահրելու քաղաքականություն: ՄԱԿ-ի շրջանակներում արդբեջանական կողմը շրջանառության մեջ է դնում փաստաթղթեր, որոնք ոչ միայն բացասական են ազդում բանակցային գործընթացի վրա, այլեւ դրանց միջոցով փորձ է կատարվում արդադարացնել ուժի հնարավոր կիրառումը:
Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացի մասին, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Երեւանում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլա Գյուլի բեկումնային հանդիպումը հնարավորություն ստեղծեց սկսելու բանակցություններ, որոնք բխում են երկու երկրների եւ ժողովուրդնեի շահերից եւ ուղղված են ոչ միայն կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, այլեւ կարեւոր ներդրում կատարելու տարածարջանային անվտանագության եւ կայունության ապահովմանը: Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ինքը լավատես է հարաբերությունների կարգավորման առումով, քանզի իր եւ Ալի Բաբաջանի հանդիպումները կառուցողական են եւ խոստումնալից:
Պատասխանելով հարցին, թե Թուրքիայում հնչում են հայտարարություններ, որ եթե Վաշինգտոնը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը եւ եթե հայկական ու թուրքական կողմերը ունեն քաղաքական կամք եւ անկեղծ ձգտում կարգավորել հարաբերությունները, ապա որեւիցե հանգամանք չի կարող խանգարել դրան:
Միջազգային դիվանագիտական ակադեմիայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության, Կովկասում անվտանգության եւ կայունության եւ համագործակցության ամպրապնդման, հայ-իրանական եւ հայ-վրացական հարաբերություններին վերաբերող եւ բազմաթիվ այլ հարցերի: