Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի արտգործնախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի հետ Նախանշվեցին հայ-իտալական համագործակցության խորացմ

06 մարտի, 2009

Ս.թ. մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայի արտգործնախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի (Alfredo Montica) գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշեց, որ այդ հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկարներ եւ լուրջ ներուժ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ քաղաքական երկխոսության խթանման տեսանկյունից հայ-իտալական բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:

Ալֆրեդո Մոնտիկան ընդգծեց, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ իր այցը միտված է հենց այդ նպատակի իրականացմանը:

Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Մոնտիկան հանգամանալից զրույց ունեցան երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին ԵՄ «Արեւելյան գործընկերության» առաջարկը ու արձանագրեցին, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար:

Հանդիպմանն անդրադարձ եղավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը խնդրեց իր ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինիին:
Տպել էջը