ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիին
05 մարտի, 2009Ս. թ. մարտի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացումը եւ հույս հայտնեց, որ արտաքին առեւտրի նախարարի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի շահագրգռվածությունը ԱՄԷ-ի հետ քաղաքական եւ առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայման գործում` կարեւորելով դրա համար անհրաժեշտ նախադրայալների առկայությունը ի դեմս ծավալուն իրավապայմանագրային դաշտի:
Հայաստանի արտգործնախարարը, գոհունակություն հայտնելով ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության դինամիկ աճի կապակցությամբ, ասաց, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել ներդրումային խոշորածավալ ծրագրերի իրականցման հնարավորությունը: