Գերմանիայի նախագահն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին` Գերմանիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
05 մարտի, 2009Ս. թ. մարտի 3-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հորսթ Քյոհլերը հրաժեշտի առիթով ընդունել է ՀՀ նորանշանակ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանին` Գերմանիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ողջունելով Կարինե Ղազինյանին` նախագահ Քյոհլերը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական քաղաքական երկխոսության մակարդակի եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկայի կապակցությամբ: Հորսթ Քյոհլերը կարեւորել է ս.թ. փետրվարի կայացած Մյունխենյան անվտանգության համաժողովին Հայաստանի նախագահի մասնակցությունը` ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի` հարավկովկասյան տարածաշրջանին եւ նրա խնդիրներին նվիրված ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Խոսելով ԵՄ Արեւելյան գործընկերություն նախաձեռնության մասին` նախագահ Քյոհլերը նշել է, որ այն ոչ միայն կխթանի Հայաստան-Եվրամիություն կապերը, այլեւ ավելի կբարձրացնի ԵՄ երկրների հետ երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների մակարդակը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կարինե Ղազինյանը ընդգծեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից հրավիրեց Հորսթ Քյոհլերին այցելել Հայաստան: