Իրանում տեղի ունեցավ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի կիսանդրի բացման արարողությունը
03 մարտի, 2009Ս.թ. մարտի 1-ին Թեհրանի մոտակայքում գտնվող Իրանի «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղագետ Վիկտոր Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարության եւ Թեհրանում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ Հայաստանում քանդակված եւ Իրան բերված հայազգի անվանի աստղագետի պղնձաձույլ կիսանդրին առաջինն էր, որն իր տեղը գտավ վերոնշյալ այգու գիտնականների պուրակում, ուր նախատեսված է անմահացնել համաշխարհային համբավ ունեցող նաեւ երեսուն այլ երկրների գիտական գործիչների հիշատակը:
Միջոցառմանը ներկա Իրանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում անդրադառնալով աշխարհահռչակ գիտնականի 100-ամյա հոբելյանին, ինչպես նաեւ UNESCO-ի կողմից 2009թ. աստղագիտության տարի հռչակելու հանգամանքին, հպարտության եւ երախտիքի խոսքեր ուղղեց ներկաներին` կիսանդրիի բացման արարողության կապակցությամբ` ներկայացնելով ակադեմիկոս Համբարձումյանի ներդրումը համաշխարհային աստղագիտության զարգացման գործում: