Լոնդոնում բացվել է «Հայաստան` մշակույթի երկիր» ցուցահանդեսը
03 մարտի, 2009Ս. թ. մարտի 3-ին, աշխարհահռչակ Թագավորական աշխարհագրական ընկերության` Լոնդոնի Հայդ Փարկի հարեւանությամբ գտնվող սրահում բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կազմակերպած` «Հայաստան` մշակույթի երկիր» Հայաստանի լուսանկարների եւ հայկական տառատեսակներին նվիրված ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՄԹ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, արվեստի աշխարհի, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ եւ ցուցահանդեսը ներկայացրեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը:
Ցուցահանդեսը, որի կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել նաեւ Pro Art ընկերությունը, ՀԲԸՄ Լոնդոնի թրաստը եւ ՀՀ ազգային գրապալատը տեւելու է մինչեւ մարտի 6-ը:
Ցուցահանդեսի օրերին տեղի է ունենալու նաեւ հայ միջնադարյան ձեռագրերին եւ հայկական տառատեսակներին նվիրված դասախոսություն, որին հանդես են գալու ՄԹ Լինկոլնի համալսարանի դասախոս դոկտոր Կարոլին Պուզովիոն եւ Բրիտանական գրադարանի` Քրիստոնեական եւ եբրայական մերձավոր արեւելքի բաժանմունքի վարիչ դոկտոր (հայր) Վրեժ Ներսեսյանը:
Ցուցահանդեսի մասին նախապես ծանուցվել էր տպագիր եւ էլեկտրոնային մամուլում, իսկ ցուցահանդեսի ժամանակ այցելուներին տրամադրվում էր հատուկ այդ կապակցությամբ հրատարակված հայ մշակույթի տարբեր ճյուղերի մասին պատմող գրքույկ: