Էդվարդ Նալբանդյանն այցելեց Դամասկոս

27 փետրվարի, 2009

Ս.թ. փետրվարի 26-ին Դամասկոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը:

Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Սիրիայի նախագահն ասաց, որ Սիրիան կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը, ընդգծելով, որ դրա համար գոյություն ունի համապատասխան քաղաքական կամք եւ բավականին ընդարձակ իրավապայմանագրային դաշտ:

Սիրիայի նախագահին հանձնելով Հայաստանի նախագահի ուղերձը եւ Երեւան այցելելու հրավերը` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը շահագրգռված է արաբական աշխարհի առաջատար պետություններից մեկի` Սիրիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ եւ ամրապնդմամբ, ու Դամասկոս այցելությունն այդ շահագրգռվածությունը վերահաստատելու նպատակ է հետապնդում:



Նախագահ Ալ-Ասադը եւ նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում առկա խնդիրների կարգավորման շուրջ: Հայաստանի արտգործնախարարը Սիրիայի նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները: Նախագահ Ասադը ողջունեց Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերը, համոզմունք հայտնելով, որ դրանք նպաստում են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: Նախագահ Ալ-Ասադը խնդրեց իր ողջույները փոխանցել ՀՀ նախագահին եւ հաղորդել, որ ինքը, ընդունելով հրավերը, հաճույքով Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում:



Հայաստանի եւ Սիրիայի արտգործնախարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Վալիդ Մուալլիմի հանդիպանը հանգամանորեն քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայման հետ կապված հարցեր:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց տարբեր ձեւաչափերով երկու երկրների արդյունավետ համագործակցության եւ միջկառավարական հանձնաժողովի գործունեության մասին:

Նախարարներ Նալբանդյանն ու Մուալլիմը քննարկեցին Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության ամրապնդման հետ կապված հարցեր:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարարների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Դամասկոսում Սիրիայի իշխանությունների կողմից ՀՀ դեսպանատան շենքի տրամադրման մասին:

Հայաստանի եւ Սիրիայի արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր ՀՀ կառավարության եւ ՍԱՀ կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս` արաբական աշխարհի առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ:

Երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Դամասկոսի հայկական կազմակերպությունների ղեկավարների, Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի, Հայ կաթողիկե եկեղեցու եւ Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ:

Եզրափակելով Միջին Արեւելքի երկրներ տարածաշրջանային այցելությունը` Հայաստանի արտգործնախարարը վերադարձավ Երեւան:
Տպել էջը