Էդվարդ Նալբանդյանն այցելեց Լիբանան
26 փետրվարի, 2009Տարածաշրջանային այցելությամբ Միջին Արեւելքում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. փետրվարի 25-ին պաշտոնական այցով ժամանեց Բեյրութ:
Օդանավակայանից նախարար Նալբանդյանը մեկնեց նախագահի նստավայր, ուր նրան ընդունեց Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը:
Ողջունելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարին` Լիբանանի նախագահն ասաց, որ Լիբանանի ժողովուրդը առանձնահատուկ համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները, նախագահ Սլեյմանը նշեց, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը:
Միշել Սլեյմանը խնդրեց իր բարեմաղթանքներն ու ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Էդվարդ Նալբանդյանը Միշել Սլեյմանին հանձնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ Հայաստան այցելելու հրավերը: Նա նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ ջերմ եւ փոխշահավետ հարաբերությունները, ընդգծելով, որ Լիբանանը արաբական աշխարհի այն պետությունն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամության պայմանագիր:
Բեյրութում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:
Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը եւ ասաց, որ խորհրդարանը հավելյալ ջանքեր կգործադրի հարաբերությունների հետագա խորացման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի հետ:
Լիբանանի վարչապետը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական կապերը, ասաց, որ լիբանանահայ համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է կատարում Հայաստանի եւ Լիբանանի փոխշահավետ համագործակցության զարգացման գործընթացում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ծավալուն իրավապայմանագրային դաշտի կապացությամբ եւ նշեցին, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում փոխգործակցության հետագա զարգացման համար եւ կարեւորեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որը վերջին նիստը կայացել է 2004 թ.:
Էդվարդ Նալբանդյանը, նշելով, որ Հայաստանում արդեն գործում են լիբանանյան ներդրումներով մոտ 50 ձեռնարկություն, ընդգծեց նոր տնտեսական նախագծերով գոյություն ունեցող կապերի ընդլայման անհրաժեշտությունը:
Վարչապետ Սինյորան եւ նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու վերաբերյալ:Փետրվարի 25-ին տեղի ունեցավ նաեւ Էդվարդ Նալբանդյանի եւ Լիբանանի արտգործնախար Ֆաուզի Սալլուխի առանձնազրույցը, որին հաջորդեցին բանակցությունները պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Լիբանանի արտգործնախարարն ասաց, որ երկու պետությունների միջեւ ձեւավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է փոխադարձ համակրանքով եւ բարեկամական փոխգործակցության զարգացման փոխադարձ ցանկությամբ:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անկախությունից ի վեր Հայաստանը քայլեր է ձեռնարկել Լիբանանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման ուղղությամբ, եւ այդ ոլորտում լուրջ ձեռքբերումներ կան` բարձր մակարդակի այցելություններ, առեւտրատնտեսական համագործակցություն, մշակութային փոխանակումներ: ՀՀ արտգործնախարարի բնորոշմամբ` վերջին տարիներին, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացումը դանդաղել է, եւ իր այցի նպատակն է նոր լիցք հաղորդել փոխշահավետ համագործակցությանը:
Զրուցակիցները պայմանավորվեցին նաեւ իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների վերսկսման մասին:
Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացին` կարեւորելով ուժի կիրառման բացառումը` որպես հիմնախնդիրների արդյունավետ լուծման կարեւոր գրավական:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:
Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆաուզի Սալլուխը քննարկումները շարունակեցին ՀՀ արտգործնախարարի պատվին կազմակերպված պաշտոնական ճաշի ընթացքում:Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին: Էդվարդ Նալբանդյանն առանձին հանդիպումներ ունեցավ նաեւ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ Տ.Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի եւ Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ:
Փետրվարի 25-ի երեկոյան տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լիբանանի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ արտգործնախարարը պատասխանեց լիբանանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարը մեկնեց Դամասկոս, ուր փետրվարի 26-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Սիրիայի բարձրաստիճան ղեկավարության հետ: