Հայաստանի արտգործնախարարն այցելեց Հորդանան

25 փետրվարի, 2009

Ս.թ. փետրվարի 24-ին Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Ամման:

Նույն օրը ՀՀ արտգործնախարարը հանդիպում ունեցավ Հորդանանի նորանշանակ (կառավարությունը կազմավորվել է ս.թ. փետրվարի 23-ին) ԱԳ նախարար Նասեր Ջաուդեի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ սա իր առաջին պաշտոնական հանդիպումն է արտգործնախարարի պաշտոնում եւ այդ հանգամանքը խորհրդանշական է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների առումով: Նախարար Ջաուդեն հայտնեց Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունները զարգացնելու Հորդանանի պատրաստակամությունը եւ խնդրեց թագավոր Աբդալլահի ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:



Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով Նասեր Ջաուդեին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշեց, որ այցելում է Ամման նոր լիցք հաղորդելու Հայաստանի եւ Հորդանանի միջեւ համագործակցությանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:

Էդվարդ Նալբանդյանը, նշելով երկկողմ փոխգործակցության բնագավառում առկա մեծ ներուժը, կարեւորեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ծավալումը, իրավապայմանագրային դաշտի ստեղծումը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խթանումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տուրիզմի եւ առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման հնարավորությունների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:



Հայաստանի եւ Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերական խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ջաուդեն քննարկեցին Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում առկա հիմնախնդիրների խաղաղ կարգավորման, անվտանգության եւ կայունության ամրապնդման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին:
Հայաստանի արտգործնախարարը իր հորդանանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

Ամմանում Էդվարդ Նալբանդյանն հանդիպում ունեցավ նաեւ Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երեկոյան Նասեր Ջաուդեն պաշտոնական ընթրիք տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին:

Փետրվարի 25-ի վաղ առավոտյան ՀՀ արտգործնախարարը մեկնեց Լիբանան:

Տպել էջը