Կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Չեխիա
19 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Չեխիա:
Պրահա ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Չեխիայի Սենատ, ուր հանդիպում ունեցավ Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ:
Պրեմիսլ Սոբոտկան գոհունակություն հայտնեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության կապակցությամբ եւ ասաց, որ այս տարի ՀՀ ԱԺ նախագահի Չեխիա կատարելիք այցելությունը նոր թափ կհաղորդի դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերություններին:
Նախարար Նալբանդյանը, ընգծելով վերջին շրջանում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման միտումները, ասաց, որ խորհրդարանները կարեւոր դեր ունեն երկկողմ համագործակցության ամրապնդման եւ խորացման գործընթացում: Որպես խորհրդարանների միջեւ համագործակցության հաջողված օրինակ` նախարար Նալբանդյանը նշեց 2008 թ. դեկտեմբերին Չեխիայի Սենատում Պրեմիսլ Սոբոտկայի աջակցությամբ եւ հովանավորությամբ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպումը եւ շնորհակալություն հայտնեց Սենատի նախագահին այդ նախաձեռնության համար:
Պրեմիսլ Սոբոտկան եւ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերություններին: Երկուստեք շեշտվեց, որ ԵՄ Արեւելյան գործընկերության առաջարկը նոր ուղիներ է բացում համագործակցության խորացման համար:
Բարձր գնահատելով վերջերս հայ-չեխական հարաբերությունների զարգացման միտումները` նախարարներ Նալբանդյանն ու Շվարցենբերգը նշեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը` որպես փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու կարեւոր հանգամանք:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին առեւտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղիներին: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ 2008 թ. հուլիսին Երեւանում տեղի ունեցած հայ-չեխական գործարար համաժողովի արդյունքները վկայում են տնտեսության բնագավառում փոխգործացության խորացման կարեւոր ներուժի առկայության մասին:
Բանակցությունների ընթացքում մանրամասն քննարվեցին նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության տարբեր բնագավառները: Կարել Շվարցենբերգը նշեց, որ մինչեւ մայիսին Պրահայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ նախագահությունը կոնկրետ առաջարկություններ կմշակեն այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը, ողջունելով «Արեւելյան գործընկերության» առաջարկը, կարեւորեց այդ նախաձեռնությամբ ընձեռնվելիք համագործակցության խորացումը եւ ոլորտների ընդլայնումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վրա, ընգծելով, որ դա վնասում է Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵՄ քայլերին:
Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին: Կարել Շվարցենբերգը ԵՄ անունից աջակցություն հայտնեց այդ ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերին:
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան: