Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Լեհաստան
18 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 17-ին շարունակվեց արտգործնախարար Էդվարդ Նաբանդյանի այցը Լեհաստան:
Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: Վկայակոչելով հայ-լեհական ընդհանությունները, նախագահ Կաչինսկին ասաց, որ երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը գալիս է դարերի խորքից եւ դա լավ հիմք է հանդիսանում երկու պետությունների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Նախագահ Կաչինսկին ու նախարար Նալբանդյանը քննարկեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրները: Էդվարդ Նալբանդյանը Լեխ Կաչինսկուն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Լեհաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով 2008թ. օգոստոսին Հարավային Օսեթիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Վրաստանից Լեհաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի հարցում աջակցության համար, խնդրեց իր ողջյունները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Լեհաստանի խորհրդարանում, ուր առանձին հանդիպումներ ունեցավ Լեհաստանի Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի հետ:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովոսկին ասաց, որ լեհերը առանձահատուկ համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին, որի ներկայացուցիչները դարեր շարունակ ապրելով Լեհաստանում` իրենց նպաստն են բերել պետության զարգացմանը, եւ դրա վկայությունն է նաեւ Սեյմի ներկայիս գումարման կազմում երկու հայկական ծագումով պատգամավորների առկայությունը:
Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների համագործակցությունը` այն համարելով երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման գրավականներից մեկը:
Սեյմի նախագահը նշեց, որ Լեհաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը եւ այդ նպատակով կարեւորում է տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումը եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը:Նախարար Նալբանդյանը Սեյմի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի սանձազերծման փորձերի եւ ռազմատենչ քաղաքականության վրա, որոնք ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այլեւ լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Սենատի նախագահ Բոգդան Բորոսեւիչի հետ էր: Գոհունակություն հայտնելով Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությամբ եւ վերհիշելով 2006թ. Հայաստան կատարած իր այցելությունը` Սենատի նախագահը վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Հայաստան այցելելու իր հրավերը եւ նշեց, որ այն կնպաստի խորհրդարանական կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵՄ «Արեւելյան գործընկերություն» առաջարկը, որի համահեղինակներից է Լեհաստանը, եւ այդ շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Բոգդան Բորուսեւիչը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ, ուր հանդիպում ունեցավ գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի հետ:
Դեսպան Լենարչիչը, գոհունակություն հայտնելով ԺՀՄԻԳ գրասենյակ Հայաստանի ԱԳ նախարարի այցելության կապակցությամբ, նշեց, որ այն Հայաստանի բարձաստիճան պաշտոնյայի առաջին այցն է ԺՀՄԻԳ-ի կենտրոնակայան:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը Յանեշ Լենարչիչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա, ինչը ԵԱՀԿ չափանիշների բացահայտ եւ կոպիտ խախտում է:
Էդվարդ Նալբանդյանը Յանեշ Լենարչիչին հրավիրեց այցելել Հայաստան:
Նույն օրը ՀՀ արտգործնախարարն այցելեց Լեհաստանում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երկու ժամ տեւած անմիջական զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը պատասխանեց վարշավահայերին հուզող բազմաթիվ հարցերի:
Ավարտելով այցը Լեհաստան` Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Չեխիա: