Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Լեհաստան
17 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 16-ին Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ հանդիպումով մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լեհաստան:
Երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցից հետո տեղի ունեցան ընլայնված կազմով բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին կարեւորեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը` որպես արդյունավետ համագործակցության եւս մեկ ձեւաչափ:
Էդվարդ Նալբանդյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկեցին տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը: Մասնավորապես, մտքեր փոխանակվեցին առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիների եւ մշակութային փոխանակումներ իրականացնելու վերաբերյալ:
Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության ընթացքի եւ այդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ: Ողջունելով ԵՄ Արեւելյան գործընկերության առաջարկությունը, նախարար Նալբանդյանը կարեւորեց ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը եւ այդ հարցում Լեհաստանի կողմից հնարավոր աջակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները: Երկուստեք նշվեց, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի:
Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, Ռադոսլավ Սիկորսկին ասաց, որ մտադիր է Հայաստան այցելել 2009թ.:
Հանդիպումից հետո նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին ստորագրեցին հուշագիր Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-ների միջեւ Եվրոպայի հետ մերձեցման բնագավառում համագործակցության վերաբերյալ:
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս: Երեկոյան Ռադոսլավ Սիկորսկին պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրըկալվեց Վարշավայի համալսարանում, ուր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ, պատասխանեց բազմաթիվ հարցերի:
Պատասխանելով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից իր իսկ ղեկավարների ստորագրած փաստաթղթերում ամրագրված դրույթների անտեսումը, շարունակվող ռազմատենչ հայտարարությունները, սպառազինությունների մրցավազքի սանձազերծումը, ԵՍԶՈւ պայմանագրով նախատեսված սպառազինությունների սահմանափակումների բացահայտ խախտումները, ուժի հնարավոր կիրառման արդարացման եւ հիմնավորման փորձերը, ազգային թշնամանք սերմանող քարոզչությունը ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում բանակցային գործընթացի համար, այլեւ լուրջ սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համար, ինչը պահանջում է համարժեք արձագանք միջազգային հանրության կողմից:
Փետրվարի 17-ին նախատեսվում են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի հետ: