ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

14 փետրվարի, 2009

Հարց. «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, թե մոտ է արցախյան հիմնանդրի վերաբերյալ համաձայնագրի մշակումը, որը պետք է բխի տարածքային ամբողջականության սկզբունքից: Համաձայնագիրն, ըստ Բրայզայի, պետք է նաեւ ընդգրկի ինքնորոշման իրավունքի ու ուժի չկիրառման հայեցակետերը:

Պատասխան. Հասկանալի չէ, ո՞րն է այս հայտարարության նպատակը, բայց տպավորություն է ստեղծվում, որ նման մեկնաբանություն կարելի էր անել միայն խանգարելու համար բանակցային գործընթացին, որն ընթանում է մադրիդյան առաջարկությունների շուրջ: Այդ առաջարկները հիմնված են միջազգային իրավունքի երեք հավասարազոր սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հակամարտության առանցքային հարցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրականացումն է:

Այսօր բանակցություններն ընթանում են հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն այս պահին չկա, իսկ համաձայնագրի մասին խոսելն ընդհանրապես վաղաժամ է:

Տպել էջը