Բրյուսելում տեղի են ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական խորհրդակցություններ
12 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 12-ին Բրյուսելում տեղի ունեցան ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի (ՔԱԿ, Political and Security Committee) «տրոյկայի» մակարդակով Հայաստան-ԵՄ քաղաքական խորհրդակցությունները:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԵՄ-ի պատվիրակությունը` ԵՄ նախագահությունը ներկայացնող, ՔԱԿ-ում Չեխիայի դեսպան պրն. Ի. Շրամեկը: Եվրոպական կողմից քննարկումներին մասնակցում էին ԵՄ-ի չեխական նախագահության, ԵՄ Խորհրդի քարտուղարության, Եվրոպական Հանձնաժողովի, ԵՄ հաջորդ նախագահող երկրի` Շվեդիայի ներկայացուցչիները, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պ. Սեմնեբին:
Խորհրդակցության ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորելով ներքաղաքական իրավիճակի բարելավմանն ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները` եվրոպական կողմը պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը կնպաստեն ԵՄ խորհրդատուների խումբը, որն առաջիկայում գործուղվելու է Հայաստան, եւ արդարադատության հարցերով համագործակցության ենթակոմիտեի հիմնումը: Տնտեսական համագործակցության խորացմանը կնպաստի խորը եւ համընդգրկուն ազատ առեւտրի պայմանագրի կնքումը կողմերի միջեւ, որի հնարավորությունները ուսումնասիրելու համար հաջորդ շաբաթ ԵՀ փորձագիտական առաքելությունը կժամանի Երեւան: Նշվեց նաեւ, որ առաջիկայում էականորեն կբարձրանա ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը:
Հատուկ անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բացառելով հարցի ռազմական լուծումը` ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների շարունակմանը` հիմնված Մադրիդյան առաջարկությունների վրա: Ողջունվեց Մոսկովյան հռչակագրի ընդունումը, որը նոր դինամիկա է հաղորդել կարգավորման գործընթացին: Եվրոպական կողմը նաեւ ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված ՀՀ իշախանությունների քայլերը եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում իրական առաջընթաց կգրանցվի այդ ուղղությամբ:
Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց նաեւ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության քննարկման ընթացիկ վիճակը: Այս համատեքստում կարեւորվեց բազմակողմ տարածաշրջանային համագործակցությունը, որի միջոցով հնարավոր կլինի բացառել քաղաքական դրդապատճառներով ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: Նման համագործակցությունը կնպաստի նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ քաղաքական հիմնախնդիրների լուծմանը: