Աշխաբադում աշխատանքն է սկսել հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը
12 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 11-ին Աշխաբադում աշխատանքն է սկսել հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված են երկու պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ առեւտրատնտեսական, էներգետիկ ոլորտի, առողջապահության, կրթության, օդային հաղորդակցության, մշակույթի, հումանիտար եւ այլ բնագավառներն ընդգրկող հարցեր։
Հայաստանը հանձնաժողովի առաջին նիստին մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ, որը գլխավորում է Հայաստանի Էներգետիկայի նախարար, հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը։ Թուրքմենական կողմի համանախագահն է Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սապարլիեւը։
Մինչեւ նիստի սկսվելը, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Մովսիսյանին ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, նշվել է երկու պետությունների հարաբերութունների հետագա զարգացման կարեւորությունն ու համագործակցության առկա զգալի ներուժը։
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Վլադիմիր Բադալյանը։
Հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի օրակարգում նախատեսված է նաեւ Ա. Մովսիսյանի եւ ՀՀ պատվիրակության տարբեր ոլորտներ ներկայացնող անդամների հանդիպումը Թուրքմենստանի փոխվարչապետներ Խ. Սապարլիեւի, Տ. Տագիեւի, Մ. Յազմուհամեդովայի, Թուրքմենստանի Էներգետիկայի նախարար Յա. Օրազգուլիեւի, ինչպես նաեւ Թուրքմենստանի Կենտրոնական բանկի եւ Թուրքմենստանի պետական ավիաընկերության ղեկավարության հետ։
Հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը աշխատանքը կավարտի փետրվարի 12-ին։