ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցին

11 փետրվարի, 2009

Հարց. Ինչպես կմեկնաբանեք «Հյուրիեթ» թերթում հրապարակված լուրը, Թուրքիայի միջնորդությամբ ԼՂ հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:

Պատասխան. Թուրքական «Հյուրիեթի» այդ հրապարակումը պարզ ապատեղեկատվություն է: Թուրքիայի միջնորդությամբ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվել եւ չեն վարվում: Ինչպես բազմիցս նշվել է, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ` Մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայաստանյան իշխանությունների մոտեցումները հստակ են եւ տարբեր առիթներով ներկայացվել են ինչպես Հանրապետության Նախագահի, այնպես էլ Արտաքին գործերի նախարարի կողմից: Կարգավորման սկզբունքների շուրջ որեւէ պայմանավորվածություն այսօր չկա: Բազմիցս ասվել է, ու դա ակնհայտ է, որ որեւէ համաձայնության կամ պայմանավորվածության պարագայում այդ մասին առաջին հերթին կտեղեկացվի հենց մեր` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրությունը:
Տպել էջը