Իսրայելի դեսպանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեցիր հավատարմագրերի պատճենը
11 փետրվարի, 2009Ս. թ. փետրվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Շեմի Ցուրին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է հայ-իսրայելական փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, եւ հույս հայտնեց, որ դեսպան Ցուրին իր կարեւոր ներդրումը կունենա երկու երկրների միջեւ համագործակցության առավել ընդլայնմանը:
Զրուցակակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը — առեւտրա-տնտեսական հարաբերությունների խորացմունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Իսրայելում փետրվարի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, արցախյան հիմնահացրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:
Տեղեկանք : Շեմի Ցուրը ավարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը: 1974թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսրայելի ԱԳՆ-ում եւ արտերկրում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում: 1994-2000 թ. եղել է Իսրայելի դեսպանը Կիպրոսի Հանրապետությունում, 2003 թ. ԱԳՆ` կադրերի վարչության պետ, 2003-2007թթ.` Իսրայելի դեսպան Ֆինլանդիայում ու Էստոնիայում: 2008թ. նշանակվել է Հայաստանում Իսրայելի դեսպան: Տիրապետում է անգլերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երեք զավակ: