Ֆրանսիական «Միջազգային քաղաքականություն» հանդեսը հատուկ բաժին է նվիրել Հայաստանին
11 փետրվարի, 2009Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական եւ դիվանագիտական շրջանակներում եվրոպական ամենահեղինակավոր հրատարակություններից է, իր վերջին համարում ավելի քան 100-էջանոց հատուկ բաժին է նվիրել Հայաստանին:
Բաժինն սկսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հոդվածով, որտեղ ներկայացված են Հայաստանի անկախության ճանապարհը, երկրի առջեւ այսօր կանգնած խնդիրներն ու հեռանկարները: «Ապագան մեզ է պատկանում» վերնագրով հոդվածում Հանրապետության նախագահը, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության ապահովման եւ տնտեսական զարգացման հնարավորությունների լիարժեք օգտագործման ենթատեքստում, հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը` ներկայացնելով այսօրվա իրողություններն ու դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի տեսակետները:
Աշխարհում Հայաստանի տեղի, Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն է ներկայացնում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդեսին տված հարցազրույցում:
Հանդեսում հայ-ֆրանսիական հարուստ եւ հագեցած հարաբերությունների մասին է պատմում Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Համարում զետեղված են պատմաբան Մարսել Լեարի «Սփյուռքի հաղթաթուղթը» ցեղասպանության ուսումնասիրման ասպարեզում ճանաչված մասնագետ Իվ Տերնոնի «Թուրքիա. Ժխտողականության փակուղին» եւ իտալացի հայագետ, պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարիի «Հայ միտքը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» հոդվածները:
Հայաստանի տնտեսության անցումային շրջանի, տնտեսական կայունացման ծրագրերի եւ զարգացման հեռանկարների մասին է խոսվում տնտեսագետ Վահագն Գրիգորյանի հոդվածում:
Հանդեսը Հայաստանին նվիրված հատուկ բաժնում զետեղել է Շառլ Ազնավուրի «Անցած օրեր» գրքի նախաբանը, որտեղ մեծ արվեստագետն իր ընտանիքի պատմության օրինակով ներկայացնում է օտար ափերում հայտնված գաղթական հայերի դժվարին ուղին, ինչպես նաեւ լավագույն ապագայի ակնկալիքները:
Հանդեսի հիմնադիրը, տնօրենը եւ գլխավոր խմբագիրն է հայտնի քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի պրոֆեսոր Պատրիկ Վաժմանը (Patrick Wajsman): «Ինչպես կարող ենք մոռանալ, որ հայ ժողովրդի հետ մեր կապերը հասնում են մինչեւ Խաչակրած արշավանքներ, հանդեսի նախաբանում գրում է Պ. Վաժմանը, որ Հայոց վերջին թագավոր Լեւոն VI Լուսինյանը ֆրանսիական ծագում ուներ եւ ամփոփված է Սեն-Դենիիի ֆրանսիական թագավորների դամբարանում, որ 1915թ. ցեղասպանությունը պատճառ է հանդիսացել Կլեմանսոյի ամենահուզիչ ճառերը, եւ որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Ֆրանսիան կարճ ժամանակով վերահսկում էր Կիլիկիան, ուր տարածվում էր երբեմնի Հայոց քրիստոնյա թագավորությունը:
«Միջազգային քաղաքականություն» եռամսյա հանդես են գալիս համաշխարհային քաղաքականության առաջին դեմքերը: Ներկա համարում հրապարակվել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի, Բրազիլիայի նախագահ Լուիշ Ինյացիո Լուլա դա Սիլվայի հարցազրույցները: