ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին
09 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին:
Գորան Լենմարկերի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ցյուրիխում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Այդ համատեքստում շեշտվեց, որ 2008թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը, ինչպես նաեւ Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պարարտ հիմք են ստեղծում բանակցությունների առաջընթացի համար:
Իր հերթին Գորան Լենմարկերն ընդգծեց, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը կարող է բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը եւ համոզմունք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Գորան Լենմարկերը մտքեր փոխանակեցին Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» առաջարկության վերաբերյալ: