Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Բելառուսի Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ
06 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 5-ին Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին ընդունել է Բելառուսի Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ՝ Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի Բելառուսից համանախագահ Վալերի Իվանովը։
Վլադիմիր Անդրեյչենկոն, հետադարձ հայացք նետելով Բելառուս-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման անցած ուղուն, գոհունակություն է արտահայտել դրանց կայացման, նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների արդյունավետ փոխգործակցության առիթով։ Նա ներկայացրել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների իր ակնկալիքները ս. թ. փետրվարին Մինսկում կայանալիք Միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստի աշխատանքներից, նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության 2009թ. համար ծրագրված այցի հանդիպումներից։ Նրա խոսքերով, Միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված էներգետիկ անվտանգության հարցը, որի շրջանակում կարող են քննարկվել էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ օրենսդիր մարմնինների աշխատանքների կազմակերպման հիմնախնդիրները, խիստ արդիական է Բելառուսի համար։ Նշվել է, որ նկատի ունենալով ատոմակայանի կառուցման Բելառուսի ծրագրերը, ցանկալի կլիներ ուսումնասիրել ատոմային էներգիայի արտադրության, ինչպես նաեւ ատոմակայանի անվտագության ապահովման Հայաստանի փորձը։
Հայաստանի դեսպանը շնորհավորել է Վլադիմիր Անդրեյչենկոյին Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով եւ նրան փոխանցել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը՝ ընթացիկ տարում Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերով։ Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը առնչվող խնդիրներին` Օլեգ Եսայանը նշել է, որ բելառուսական կողմի համար կարող է հետաքրքրական լինել մանր եւ միջին բիզնեսի զարգացման եւ գործունեության օրենսդրական կարգավորման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման Հայաստանի փորձը։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների հետագա աճի ապահովմանը նպատակաուղղված միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, երկու երկրների ֆինանսավարկային կառույցների միջեւ փոխշահավետ կապերի ձեւավորման, համատեղ ներդրումային ծրագրերի մշակման եւ իրագործման հնարավորությունները։