Լիմոժում սկսվեց Հայկական մշակութային միամսյակը
26 հունվարի, 2009Ս.թ. հունվարի 23-ին Լիմոժում բացվեց Հայկական մշակութային միամսյակը: Այն սկսվեց Լիմոժի քաղաքային գրադարանի ընդարձակ սրահում բացված «Հայաստան. Քրիստոնյա երկիր Կովկասում» ցուցահանդեսով, որին ներկա էին Լիմուզինի շրջանային խորհրդի եւ Լիմոժի քաղաքային խորհրդի ղեկավարներ, պատգամավորներ, քաղաքապետեր, տեղական հասարակության հարյուրավոր ներկայացուցիչներ:
Հայկական մշակութային միամսյակի բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց Լիմոժի կոնսերվատորիայի պատանի սաների կատարմամբ հնչած Հայաստանի հիմնով եւ Կոմիտասի գործերով: Ողջույնի ելույթներ ունեցան Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Լիմոժի առաջին փոխքաղաքապետ տիկին Մոնիկ Բուլեստենը եւ Հայաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Համլետ Գասպարյանը:
Ցուցահանդեսը հին ու ժամանակակից քարտեզների, գեղարվեստական ու կիրառական իրերի, արխիվային ու նոր լուսանկարների, հնատիպ հրատարակությունների ու նոր ժամանակների մասին պատմող նյութերով ներկայացնում է Հայաստանի անցյալն ու ներկան, այնտեղ բնակվող մարդկանց` հայերի ու ազգային փոքրամասնությունների առօրյան:
Հայկական մշակութային միամսյակն ընդգրկում է դասական ու ժամանակակից երաժշտության համերգներ, ասմունք, հայկական թեմաներով ֆրանսիական գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, Հայաստանի ու հայ ժողովրդի մասին բանախոսություններ եւ կլոր սեղաններ: Այն տեւելու է մինչեւ փետրվարի 28-ը: Միամսյակը կազմակերպվել է Լիմոժի քաղաքային իշխանությունների աջակցությամբ եւ «Կովկաս-Հայաստան պլյուս» հասարակական կազմակերպության ջանքերով:
Մոտ 140 հազար բնակիչ ունեցող Լիմոժը Լիմուզին շրջանի վարչական կենտրոնն է, որը հայտնի է համաշխարհային հռչակ ունեցող իր հախճապակիով: Լիմոժում թեեւ գրեթե հայեր չկան, սակայն վերջին տարիներին տեղի հասարակությունը, համալսարանական ու ուսանողական շրջանակները, ինչպես նաեւ ագրարային սեկտորը սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Կազմակերպվում են ճանաչողական ուղեւորություններ, իրականացվում են նաեւ հիդրոէներգետիկայի, անասնաբուծության եւ ձկնաբուծության բնագավառներում փոքր ծրագրեր: