ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոնակայանում տեղի ունեցավ Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով

23 հունվարի, 2009

Ս.թ. հունվարի 21-ին ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոնակայանում տեղի ունեցավ Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որին ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

Գիտաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից ի կատարումն 2008թ. մարտին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված ՀՀ հեղինակած եւ ավելի քան վաթսուն երկրի կողմից համահեղինակված «Ցեղասպանության կանխարգելում» 7/25 բանաձեւի պահանջների: Հայաստանը, որի ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, այս հանցագործության դեմ պայքարն ու կանխարգելումը առաջնային խնդիր է դիտում եւ ակտիվ աշխատանք ծավալում այս ուղղությամբ միջազգային կազմակերպություններում:

Գիտաժողովը հիմնականում նպատակ ունի քննարկելու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում նաեւ` պայմանագրային մարմինների ընձեռած հնարավորությունները եւ առաջարկություններով ներկայանալու միջազգային հանրությանը, ինչը կօգնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդականին առավել արդյունավետորեն օգտագործելու իր մանդատի տված հնարավորությունները:

Պրն. Կիրակոսյանն իր ելույթում առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց ցեղասպանության հանցագործության դրսեւորումներին` որպես մարդու իրավունքների շարունակական ու մտածված ոտնահարման, ատելության սերմանմանը, պատմության վերանայման փորձերին, մերժողական քաղաքականությանը, անպատժելիությանը, քաղաքական նպատակահարմարությունից թելադրված անգործությանը, որոնք դառնում են ցեղասպանային մտածելակերպի արմատավորման հիմքեր եւ պարարտ հող ստեղծում մարդկության դեմ այս ամենադաժան հանցագործության կրկնման համար: Նա նշեց, որ կանխարգելման համար անհրաժեշտ կլինի ձեւավորել վաղ նախազգուշացման մեխանիզմ անդամ պետությունների կողմից մարդու իրավունքների առումով ստանձնած պարտավորություններին հետեւող բոլոր կառույցների, հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների համագործակցությամբ:
Տպել էջը