Հայաստանը եւ Ֆրանսիան Պայմանագիր ստորագրեցին գիտության բնագավառում համագործակցության վերաբերյալ
21 հունվարի, 2009Հունվարի 20-ին, Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարությունը եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (Centre national des recherches scientifiques-CNRS) Փարիզում ստորագրեցին համագործակցության Պայմանագիր։
ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության անունից Պայմանագիրը ստորագրեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ֆրանսիական կողմից Պայմանագիրը ստորագրեցին Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ տկն. Կատրին Բրեշինյակը եւ Գլխավոր տնօրեն Առնոլդ Միգուսը։
Պայմանագրի նպատակն է խորացնել երկու երկրների միջեւ գիտության բնագավառում համագործակցությունը։ Պայմանագրով նախատեսված է երկու երկրների գիտաշխատողների փոխանակումներ, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, համատեղ գիտաժողովների եւ սեմինարների կազմակերպում։ Այդ նպատակի համար կօգտագործվեն CNRS-ի միջազգային համագործակցության կառույցները՝ Գիտական համագործակցության միջազգային ծրագրերը, Միացյալ միջազգային լաբորատորիաները եւ Միջազգային գիտահետազոտական խմբերը։ Ծրագրերը կիրականացվեն համատեղ ֆինանսավորմամբ։
Ստորագրման արարողությանը նախորդած հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն հայտնեցին, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ երկար տարիներ ծավալվող գիտական համագործակցությունը պաշտոնական հիմքի վրա է դրվում, ինչը նոր խթան կհանդիսանա այդ համագործակցության զարգացման համար։ Իբրեւ երկու կողմերի համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ նշվեցին մասնավորապես մոլեկուլյար ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, հումանիտար եւ սոցիալական գիտությունները։