Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՀ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատարին
19 հունվարի, 2009Ս.թ. հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երեւան ժամանած Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անցյալ տարիՀայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվորեն զարգացել են, շարունակվել է Եվրոպական ընտանիքին մերձենալու Հայաստանի քաղաքականությունը:
Քաղաքական երկխոսության առումով կարեւորվեց 2008թ. նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Բրյուսել եւ հանդիպումները Եվրոպական կառույցների ղեկավարների հետ, դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դեկտեմբերին Բրյուսելում կայացած Հայաստան- Եվրոպական Միություն խորհրդի նիստը:
Հանձնակատար Ֆեռերո-Վալդները, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ ծավալվող գործընկերության կապակցությամբ, ողջունեց Հայաստանի պատրաստակամությունը ընդունելու ԵՄ խորհրդատուներին, որոնք պետք է աջակցեն Հայաստանում բարեփոխումների գործընթացին: Բենիտա Ֆեռերո-Վալդները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» առաջարկության հիմնադրույթները` նշելով, որ այդ ծրագիրն առավել սերտ համագործակցության հնարավորություններ է ընձեռում:
Հայաստանի արտգործնախարարը, ողջունելով «Արեւելյան գործընկերության» առաջարկությունը, ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը ակտիվորեն համագործակցելու Եվրոպական Հանձնաժողովի հետ այդ ոլորտում:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Այդ ենթատեքստում ողջունվեց 2008թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը եւ դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ընթացքում ընդունված փաստաթղթերը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:
Հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:
Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: