ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Արցախ

20 դեկտեմբերի, 2008

Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով ժամանեց Ստեփանակերտ:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:

Նախարար Նալբանդյանը Արցախի նախագահին ներկայացրեց Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման արդյունքները եւ Ֆինլանդիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման մանրամասները:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Դեկտեմբերի 20-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց Արցախի պետական համալսարան, ուր նախ ծաղիկներ դրեց արցախյան պատերազմի ժամանակ զոհված համալսարանականների հուշաքարին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ ունեցավ ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացը եւ հեռանկարները:

Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց նաեւ ուսանողների բազմաթիվ հարցերին:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ԼՂՀ իշխանությունների մասնակցության հարցին, նախարար Նալբանդյանը շեշտեց, որ առանց բանակցություններին արցախյան կողմի լիակատար մասնակցության որեւիցե պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել:

Արցախի մայր ԲՈւՀ-ում նախարար Նալբանդյանը ճեպազրույց ունեցավ տեղական լրագրողների հետ:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան:
Տպել էջը