Հայաստանի ներկայացուցիչը ընտրվել է Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին Եվրախորհրդի կոնվենցիայի կատարումը վերահսկող առաջին փորձագիտական խմբի անդամ
17 դեկտեմբերի, 2008Ս.թ. դեկտեմբերի 8-10-ը Եվրոպայի խորհրդում կայացել են Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կատարումը վերահսկող փորձագիտական խմբի (GRETA) առաջին ընտրությունները: Խումբը պետք է գնահատի անդամ երկրների կողմից ԵԽ կոնվենցիայի դրույթների իրականացումը եւ, անհրաժեշտության դեպքում, հանդես գա մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի գործընթացը բարելավելու առաջարկություններով:
Ընտրությունների արդյունքում Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուն` ՄԱԿ-ի ստրկության ժամանակակից ձեւերի հարցերով հատուկ զեկուցող, «ԱՄՔՈՐ» հասարակական կազմակերպության թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով խորհրդատու տկն. Գյուլնարա Շահինյանն ընտրվել է խմբի անդամ: Խմբում ընդգրկվել են նաեւ Բուլղարիայի, Մալթայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները:
Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008թ. փետրվարի 1-ին: Այն վավերացվել է Եվրոպայի խորհրդի 19 պետությունների կողմից: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2008 թվականի մարտի 18-ին: