Ռումինիայում տեղի է ունեցել Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երեկո
17 դեկտեմբերի, 2008Ս.թ. դեկտեմբերի 12-ին Ռումինիայի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո` նվիրված Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին: Այն կազմակերպել էին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը, Ռումինիայի գրողների միությունը, Ռումինիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչությունը եւ Ռումինիայի հայոց միությունը:
Մեծ գրողի կյանքին ու ստեղծագործությանն իրենց ելույթներում անդրադարձել են Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Բուխարեստի թատերական եւ կինոարվեստի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Տիտուս Վիժեուն (Titus Vijeu), լրագրող եւ թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը (Madeleine Karakasian), Ռումինիայի գրողների միության քարտուղար Իրինա Հորեան (Irina Horea), ռեժիսոր եւ դերասան Ֆլորին Գեւորգյանը (Florin Kevorkian):
Երեկոյի ընթացքում ցուցադրվել են դրվագներ Վիլյամ Սարոյանի մասին ֆիլմերից, այդ թվում` Հայաստան այցելությունների ընթացքում նկարահանված, ներկայացվել են գրական կատարումներ:
Ներկա էին գրական, հասարակական շրջանակների, դիվանագիտական անձնակազմի, ԶԼՄ-ների, հայ համայնքի ներկայացուցիչներ: