Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի քսանամյակին նվիրված միջոցառումներ
17 դեկտեմբերի, 2008Ս.թ. դեկտեմբերի 5-ին Սանկտ-Պետերբուրգում` Լենինգրադյան զինվորական օկրուգի սպաների տանը, անցկացվել է կլոր սեղան` նվիրված 1988թ. Հայաստանում Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին: Մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի համար այդ ծանր օրերին Լենինգրադի եւ մարզի բնակչության, բժիշկների, զինվորականների եւ ներքին զորքերի կողմից կազմակերպված օգնությանը:
Կլոր սեղանին մասնակցել են Լենինգրադի զինվորական օկրուգի բարձրաստիճան սպաներ, բժիշկներ, դաշնային եւ տեղական ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 7-ին երկրաշարժի 20-ամյակը նշվել է Սանկտ-Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի համայնքների կողմից: Այդ օրը պատարագներ են մատուցվել տարածաշրջանի բոլոր հայկական եկեղեցիներում: Սանկտ-Պետերբուրգում Սուրբ
Կատարինե Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր հովիվ Նշան աբեղա Պետրոսյանի կողմից անցկացվել է հոգեհանգստյան պատարագ երկրաշարժի զոհերի հիշատակին: Պատարագից
հետո եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ են դրվել Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանյան թեմի, հայ համայնքի, հայ երիտասարդական կազմակերպությունների եւ առանձին անհատների կողմից:
Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի Ակադեմիական կապելայի շենքում կայացել է համերգ` նվիրված Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին: Համերգասրահի նախասրահում կազմակերպվել է երկրաշարժի եւ դրա հետեւանքների մասին
ֆոտոցուցահանդես: Համերգին մասնակցել են էրմիտաժի պետական սինֆոնիկ նվագախումբը` Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, Բորիս Դուրգարյանի ղեկավարած Լեգա-Արտիս կամերային երգչախումբը, Բարսեղ Թումանյանը, Մարիինսկի օպերային թատրոնի մեներգչուհի Մ. Պավլովսկայան, ջութակարուհի Մարիա Սաֆարյանցը եւ այլոք: Համերգին ներկա էին նաեւ տեղի հասարակական, քաղաքական գործիչներ եւ հավատարմագրված դիվանագետներ: