ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ միգրացիոն առաքելությանը

17 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ միգրացիայի հարցերով առաքելությանը, որը գլխավորում էին ԵՄ Ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Ժան Քրիստոֆ Պոսելը (Jean-Christophe Peaucelle) եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆրանցիսկո Բատալերը (Francisco Bataller):

Ողջունելով պատվիրակության անդամներին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց նրանց այցը Հայաստան եւ հույս հայտնեց, որ այն կնպաստի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ միգրացիայի հարցերում երկխոսության ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը: ՀՀ ԱԳ նախարարը մեծապես կարեւորեց ԵՄ երկրների կողմից մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման խնդիրը, ինչը նախատեսվում է նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Հյուրերը նշեցին, որ սա իրենց առաջին առաքելությունն է տարածաշրջան, որի նպատակն է տեղեկատվության եւ փորձի փոխանակման միջոցով զարգացնել եւ արդյունավետ դարձնել համագործակցությունը, ամրապնդել գոյություն ունեցող մեխանիզմներն ու գործակցության նոր հիմքեր ստեղծել:

Առաքելության այցի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ առանձնանշված էին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները:

Տպել էջը