Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը Չինաստանում հանդիպում ունեցավ իր գործընկեր Լի Հուեյի հետ
17 դեկտեմբերի, 2008Ս.թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցի շրջանակներում Չինաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարարի տեղակալ, Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գեղամ Ղարիբջանյանը Չինաստանի ԱԳՆ-ում հանդիպում ունեցավ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լի Հուեյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացումը, որի վկայությունն է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնական այցը Չինաստան: Նշվեց, որ Չինաստանը միշտ դիտել եւ դիտում է Հայաստանին` որպես բարեկամ երկիր եւ հուսալի գործընկեր: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես` հայ-չինական տնտեսական համագործակցության եւ Չինաստանի կողմից Հայաստանին տեխնիկական օգնության տրամադրման, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծին Չինաստանի մասնակցության, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի շրջանակներում Չինաստան կատարած իր այցելությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս կարեւորել է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը` դասելով դրանք Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Այս առումով շեշտվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ շփումների եւ խորհրդատվությունների ակտիվացումը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն` 2009թ. առաջին կեսին պրն. Լի Հուեյի Հայաստան այցի կազմակերպման վերաբերյալ, որին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Չինաստան: