Չեխիայի Սենատում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի քսանամյակին նվիրված հուշ-երեկո

17 դեկտեմբերի, 2008

Դեկտեմբերի 8-ին Պրահայում` Չեխիայի Սենատի պատմական Վալդշտայնյան պալատում, Չեխիայի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկայի բարձր հովանավորության ներքո Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվել էր երկրաշարժի քսանամյակին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, սենատորներ, Չեխիայում ներկայացված երկրների դեսպաններ, մշակույթի եւ գիտության գործիչներ: Մեծ ակտիվություն էր ցուցաբերել նաեւ չեխահայ համայնքը: Հրավիրյալների առանձին խումբ էին կազմում անձինք, ովքեր քսան տարի առաջ անմիջական օգնություն էին ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: Համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել էր գտնել մոտ երեք ու կես տասնյակ նման նվիրյալներ` մեծամասամբ չեխեր, նաեւ Չեխիայում ապրող հայեր եւ նախկին ԽՍՀՄ այլ քաղաքացիներ: Նրանք բոլորը պարգեւատրվել են Հայաստանի դեսպանության հատուկ պատվոգրերով եւ հուշանվերներով:

Միջոցառումը բացվել է Չեխիայի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկայի ողջույնի խոսքով: Այնուհետեւ ելույթ է ունեցել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով երախտագիտության խոսք է հղել Չեխիայի այն քաղաքացիներին, որոնք օժանդակել են հայ ժողովրդին ծանր փորձության օրերին:

Այնուհետեւ ցուցադրվել է չեխ ռեժիսոր, հանգուցյալ Միլան Մարիշկայի` աղետի օրերին Հայաստանում նկարահանված «Երկիր` Արարատի ստորոտին» փաստագրական ֆիլմը: Հեղինակներից ներկա էր ֆիլմի օպերատորը` Պետր Վոլֆը: Ցուցադրությունը եզրափակել է կարճ սյուժե, որը պատմում էր քսան տարի առաջ աղետի գոտում չեխ շինարարների կառուցած դպրոցի այսօրվա առօրյայի մասին:

Ցուցադրությանը հետեւել է համերգ: Ելույթ են ունեցել երիտասարդ դաշնակահարուհի, 2008 թ. Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթի հաղթող Նարեհ Արղամանյանը, ով ծննդով աղետի գոտուց է, եւ չեխ երգչուհի Յուկիկո Շրեյմովան: Կատարվել են արեւմտաեվրոպական եւ հայ երաժշտության հանրահայտ գործեր:
Տպել էջը