Բելառուս է այցելել Հայաստանի Սյունիքի մարզի պատվիրակությունը

17 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 8-ին պատասխան այցով Մինսկ էր ժամանել ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Ագարակի, Քաջարանի քաղաքապետները եւ մարզի այլ պաշտոնյաներ։ Դիմավորողների թվում էին Մինսկի մարզգործկոմի նախագահ Լ. Կրուպեցը եւ Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը։

Նույն օրը Հայաստանի պատվիրակությունը Մինսկի մարզգործկոմի եւ ՀՀ դեսպանության պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է մարզի Ժոդինո քաղաքը, հանդիպումներ ունեցել քաղաքապետի եւ այլ պաշտոնյաների հետ, ուր քննարկվել են 2006թ. հոկտեմբերին Մինսկի մարզի Ժոդինոյի եւ Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարանի միջեւ կնքված համագործակցության մասին պայմանագրի իրագործման ընթացիկ հարցեր։ Կայացել են նաեւ պատվիրակության հանդիպումները քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, այդ թվում «ԲելԱԶ» գործարանում, որի ղեկավարության հետ քննարկվել են ձեռնարկության եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» միջեւ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման, կոմբինատում շահագործվող «ԲելԱԶ» մակնիշի մեծաքանակ ծանր ինքնաթափերի վերանորոգման եւ Հայաստանում նրանց սպասարկման կենտրոնի հիմնման հարցերը։

Հաջորդ օրը պատվիրակության կազմում ընգրկված քաղաքապետները այցելել են նաեւ Մինսկի մարզի Բորիսովի, Մյադելսկի, Սոլիգորսկի, Սլուցկի եւ Նեսվիժի շրջաններ, որոնց ղեկավարության հետ կայացած հանդիպումների արդյունքում փոխհամաձայնեցվել եւ ստորագրվել են համագործակցության պայմանագրեր Կապան եւ Բորիսով, Ագարակ եւ Սոլիգորսկ, Սիսիան եւ Սլուցկ, Մեղրի եւ Մյադել, Գորիս եւ Նեսվիժ քաղաքների միջեւ։

Մինսկի մարզի շրջաններում պատվիրակության ունեցած հանդիպումների արդյունքների, դրանցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հեռանկարների քննարկմանն էր նվիրված ՀՀ Սյունիքի մարզպետի գլխավորած պատվիրակության եւ ՀՀ դեսպանի հանդիպումը Մինսկի մարզգործկոմի նախագահ Լ. Կրուպեցի եւ մարզի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հադիպմանը ելույթներով հանդես են եկել Ս. Խաչատրյանը, Լ. Կրուպեցը եւ Օ. Եսայանը։ Նշվել է, որ Մինսկի մարզը շահագրգռված է ուսումնասիրել Սյունիքի մարզի ինքնակառավարման մարմինների գործունեության, ինչպես նաեւ մանր եւ միջին ձեռնարկատիրության փորձը։ Սյունիքի մարզի համար առավել հետաքրքրական ներկայացվել է Մինսկի մարզում սոցիալական խնդիրների լուծման, առկա արտադրական կարողությունների շահագործման եւ զբաղվածության հարցերի կարգավորման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման փորձը։ ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձել է ս.թ. նոյեմբերի 27-28-ը Բելառուս կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի ներկայացրած այն դիտողությանը, որ տարբեր ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության հետագա զարգացմանը նոր թափ հաղորդելու համար անհրաժեշտ է իրագործել միջտարածաշրջանային համագործակցության առավել ծավալուն ծրագրեր, եւ նշել, որ այս այցի շրջանակում հինգ նոր համաձայնագրերի ստորագրումը կարելի է գնահատել որպես այդ ուղղությամբ արձանագրված լուրջ առաջընթաց։ Հանդիպմանը հաջորդել է Ս. Խաչատրյանի եւ Լ. Կրուպեցի մամուլի ասուլիսը։

Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի գլխավորած պատվիրակության պատվին կազմակերպվել է ընդունելություն ՀՀ դեսպան Օ. Եսայանի անունից, որին մասնակցել են նաեւ Մինսկի մարզգործկոմի նախագահ Լ. Կրուպեցը եւ նրա տեղակալները։

ՀՀ Սյունիքի մարզպետի գլխավորած պատվիրակության այցը Մինսկի մարզ ավարտվելու է դեկտեմբերի 11-ին:
Տպել էջը