Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 9-րդ նիստին

10 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի ամենամյա նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր մեկնել Հայաստանի տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Եվրոպական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան-Պիեռ Ժուայեն:

Նիստին Էդվարդ Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերն, ասաց, որ ծրագրի կատարումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է, ինչի վկայությունն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Եվրոպական կառույցների հետ համագործակցության համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը: Նախարար Նալբանդյանը նաեւ կարեւորեց ԵՄ խորհրդատուների խմբի Հայաստան գործուղման մասին համաձայնագրի ստորագրումը` ԵՄ-ի հետ համագործակցությամբ տարբեր բնագավառներում բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:

Հայաստանի ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ արդարադատության փոխնախարարները տեղեկացրեցին իրենց բնագավառներում կատարվող բարեփոխումները, կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները, Մեծամորի ատոմակայանի անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկվող քայլերը, նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը:

Խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, երկուստեք գոհունակություն հայտնվեց ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, միաժամանակ նշվեց, որ ծրագրի հնարավորությունները դեռ ամբողջովին սպառված չեն, եւ համագործակցության ընդլայնման զգալի հեռանկարներ գոյություն ունեն:

Եվրոպական կողմը ողջունեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ
ս.թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը, դեկտեմբերի 4-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը եւ դեկտեմբերի
5-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարությունը եւ քաջալերեց ակտիվացնել ջանքերը հիմնախնդրի լուծման ուղղությամբ:

Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացվեց Արեւելյան գործընկերության առաջարկությունը, որը նախատեսում է մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացում Եվրոպական Միության եւ գործընկերության անդամ երկրների միջեւ:

Եվրոպական կողմի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:

Նիստից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի ու Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հանդիպումը:

Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆեռերո-Վալդները քննարկեցին
Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր եւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան-Պիեռ Ժուայեն եւ Բենիտա Ֆեռերո-Վալդները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին համաձայնագիր», որը կնպաստի Հայաստանի եւ Եվրոպական Միության անդամ երկրների, ինչպես նաեւ Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Իսլանդիայի եւ Նորվեգիայի միջեւ ավիացիոն ոլորտում համագործակցությանը:

Դեկտեմբերի 9-ին կեսօրին Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետական քարտուղար Ժան-Պիեռ Ժուայեն, ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան եւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների, Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները պաշտոական ճաշ տվեցին Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով պետնախարարի պատվին:

Այնուհետեւ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի, Խավիեր Սոլանայի, Բենիտա Ֆեռերո- Վալդների, Էլմար Մամադյարովի, Գրիկոլ Բարամիձեի համատեղ մամուլի ասուլիսը:

Հանդիպումներից հետո Եվրոպական խորհրդի շենքում Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տվեց Wall Street Journal թերթին:

Դեկտեմբերի 8-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Բելգիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Նախարարի ելույթին ներկա էին Բելգիայի պետնախարար Ֆրանսուա-Քսավիե դե Դոնեան, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսը, Բելգիայի խորհրդարանի եւ Սենատի անդամներ, Բրյուսելում հավատարմագրված տասնյակ դեսպաններ, պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուրսի, գիտական կենտրոնների եւ համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ, լրագրողներ:

Հայաստանի ԱԳ նախարարն իր ելույթում մանրամասն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Անդրադառնալով բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո ստեղծված դրական պահը օգտագործելու կոչ պարունակող Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությանը եւ ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությանը եւ այդ փաստաթղթերին Ադրբեջանի արձագանքին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը մեկ քայլ, կասեի նույնիսկ կես քայլ անելուց հետո, երկու քայլ հետ է գնում, եւ բնական հարց է ծագում` արդյո՞ք Ադրբեջանը իսկապես պարաստ է այսօր գնալ արցախյան խնդրի հանգուցալուծմանը»:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին` շեշտելով, որ երկու պետությունները հավասարապես շահագրգռված են միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ սահմանը բացել, ուստի տրամաբանական է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը: Հայաստանի արտգործնախարարը դրական եւ կառուցողական գնահատեց իր վերջին շփումները Թուրքիայի արտգործնախարարի հետ եւ նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները:

Նախարար Նալբանդյանի ելույթին հաջորդեց հարցուպատասխան` ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականության տարբեր ոլորտների վերաբերյալ:

Նոյեմբերի 9-ին ավարտելով այցը Բրյուսել` նախարար Նալբանդյանը նույն օրը մեկնեց Սոֆիա, ուր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Հայաստանի Հանրապետության նախագահի Բուլղարիա կատարելիք պաշտոնական այցին:
Տպել էջը