Վրաստանում տեղի ունեցան Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

09 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում անցկացվեցին 1988թ. Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք սկսվեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց դեպի Սուրբ Գեւորգ եկեղեցի տեղի հայ երիտասարդության սգո երթով: Այնուհետեւ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ Հայկական Առաքելական Եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից անմեղ զոհերի հիշատակին մատուցվեց հոգեհանգստյան պատարագ:

Երեկոյան Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում կայացավ սգո երեկո: Բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հ. Սիլվանյանը: Նա մասնավորապես նշեց. «Հայաստանը հարկադրված էր զուգահեռաբար լուծել մեր ժողովրդի ապագայի տեսակետից ճակատագրական միանգամից երեք համապարփակ խնդիր. վերացնել երկրաշարժի հետեւանքները, կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը եւ կառուցել անկախ պետականություն, ինչը հնարավոր եղավ իրականացնել համայն հայության ուժերի միավորման շնորհիվ»: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ երկրաշարժի հարուցած հիմնախնդիրների լուծմանը մեծագույնս նպաստեց աշխարհի երկրների կողմից Հայաստանին ցուցաբերած օգնությունը, որոնց շարքում առաջինն էր դրացի Վրաստանը:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան վիրահայ ասմունքողներ եւ երաժիշտներ:

Հոգեհանգստյան պատարագներ մատուցվեցին նաեւ Բաթումիի, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի հայոց եկեղեցիներում, իսկ հայկական հանրակրթական դպրոցներում անցկացվեցին հիշատակի ցերեկույթներ:
Տպել էջը