Բելառուսում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված սգո արարողություն

09 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում, 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, բելառուսահայ համայնքի, Բելառուսից երկրաշարժի փրկարար ջոկատի անդամների ու հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի դեսպանության անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցավ երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված սգո արարողություն:

ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, համայնքի ղեկավար Գ.Եղիազարյանը, հայ երիտասարդների կազմակերպության ներկայացուցիչները եւ առանձին անհատներ ծաղկեպսակներ դրեցին հուշաքարին եւ հավաքվածների հետ մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Անցկացվեց եկեղեցական ծիսակատարություն:

ՀՀ դեսպանն իր ելույթում իր երախտիքը հայտնեց Բելառուսի ժողովրդին, որն առաջիններից էր, ով օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին երկրաշարժի առաջին օրերին եւ իր զգալի ավանդը ներդրեց հետագա վերականգնողական աշխատանքներում։ Մեծ հուզմունքով իր հուշերը կիսեց ողբերգության առաջին օրերի ականատեսը` Բելառուսի փրկարարական ջոկատի ղեկավարը։

Հավաքվածները Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու ուղղափառ եկեղեցու սպասավորների հետ մեկ րոպե լռությամբ հարգեցին նաեւ դեկտեմբերի 5-ին վախճանված Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ II-ի հիշատակը։

Դեկտեմբերի 8-ին Մինսկի Բարեկամության տանը կայացավ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո, որին մասնակցում էին ԲՀ հասարակական եւ պետական գործիչներ, ՀՀ դեսպանության դիվանագետները եւ բելառուսահայեր։
Տպել էջը