Հալեպի ցուցահանդեսների մեծ սրահում տեղի ունեցավ հայկական ապրանքների ցուցահանդեսի պաշտոնական բացումը

09 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 2-ին Հալեպ ժամանեց Հայաստանի գործարարների քառասուն հոգանոց պատվիրակությունը ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ:

Դեկտեմբերի 4-ին Հալեպի ցուցահանդեսների մեծ սրահում տեղի ունեցավ հայկական ապրանքների ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը կատարեցին Հալեպի նահանգապետ, ցուցահանդեսի հովանավոր Թամեր ալ-Հջջին եւ Մարտին Սարգսյանը:

Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը, Հալեպի առեւտրի պալատը եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ներկայացված են թեթեւ, սննդի, նորագույն տեխնոլոգիաների, դեղերի արտադրության, ինչպես նաեւ ինքնագործ արվեստի եւ ծառայությունների ոլորտը ներկայացնող հայաստանյան եւ արցախյան ավելի քան քառասուն ընկերություններ:

Ցուցահանդեսի շրջանակներում դեկտեմբերի 5-ին տեղի կունենա հայ-սիրիական բիզնես ֆորում:

Հալեպում հայկական ապրանքների ցուցահանդեսը հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին ցուցահանդեսն է, որը մեծ խթան կհանդիսանա երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման եւ հայ ու արաբ գործարարների միջեւ ուղղակի գործարար կապերի հաստատման համար:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 7-ը, որի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու Հայաստանում արտադրվող ապրանքներին եւ երկրի տնտեսական ներուժին:
Տպել էջը