Էդվարդ Նալբանդյանը շարունակում է աշխատանքային այցը Հելսինկի

04 դեկտեմբերի, 2008

ՀՀ արտգործնախարարը կազմակերպել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, մասնակցել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, հանդիպել է Թուրքիայի, Լյուքսեմբուր•ի, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին Կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարների եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ

Դեկտեմբերի 4-ի առավոտյան կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի գործող նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախաձեռնած կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի արտգործնախարարները: Բացելով հանդիպումը, նախարար Նալբանդյանը նշեց, որ միջազգային համաժողովների շրջանակներում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպումները հնարավորություն են տալիս ամրապնդել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցությունը եւ գործունեության համադրումը: Նախարարները քննարկեցին ԵԱՀԿ բարեփոխմանը եւ Եվրոպական անվտանգության համակարգին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 16-րդ նիստի օրակարգային հարցերի շուրջ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ: Հանդիպման ընթացքում շարունակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները: Նախարարներ Նալբանդյանն ու Բաբաջանը պայմանավորվեցին շարունակել հանդիպումները:

Էդվարդ Նալբանդյանի եւ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները: Նախարար Ասելբորնի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ էր: Արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ դեսպան Լին Պասկոյի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը քննարկեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվեց Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանան անհրաժեշտությունը: Դեսպան Պասկոն ընգծեց, որ ինքը ժամանակին լինելով Մինսկի խմբի համախագահ մոտիկից է ծանոթ հիմնախնդրին եւ գտնում է, որ այն կարող է լուծվել համանախագահների աջակցությամբ եւ իր կենսունակությունն ապացուցած գոյություն ունեցող ձեւաչափով:

Դեկտեմբերի 4-ին կայացավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Բերնար Կուշների, ինչպես նաեւ ԱՄՆ փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի հետ:

Հանդիպման վերջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները հանդես եկան հայտարարությամբ, որում մասնաորապես ասված է, որ «2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրը նոր եւ խոստումնալից փուլ բացեց Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մեր ընդհանուր ձգտման առումով: Այդ հռչակագրում նախագահները վերահաստատում են իրենց հավատարմությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում եւ այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որ համանախագահները մշակել են համագործակցելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ՝ հիմնվելով անցյալ տարի Մադրիդում ներկայացված իրենց առաջարկների վրա» եւ կոչ են անում հակամարտության կողմերին «ջանքեր գործադրել հիմնարար սկզբունքների համաձայնեցումն առաջիկա ամիսների ընթացքում ավարտելու եւ այնուհետեւ խաղաղության համապարփակ համաձայնության նախագծի մշակումը սկսելու համար»: Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները վերահաստատեցին իրենց վճռական տեսակետն առ այն, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ կոչ արել կողմերին վերահաստատել իրենց հավատարմությունը խաղաղ կարգավորմանը:

Դեկտեմբերի 5-ին նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին եւ հանդիպումը Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Տպել էջը